Հանրային վերահսկողությունը, որպես գործիք, կոռուպցիայի դեմ պայքարում
Նմանատիպ
Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որը իր պատմության ընթացքում չի ունեցել կոռուպցիոն խնդիրներ: Շատերը կոռուպցիա բառը հասկանում են միայն որպես կաշառք, բայց դա այդպես չէ: Կոռուպցիան ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները:
Այս խնդիրը ունի բավականին լուրջ ճյուղավորում, և այդ իսկ պատճառով՝ պայքարը պետք է տանել առանձին-առանձին՝ բոլոր ճյուղերի դեմ: Այն պնդումները, որ կարելի է այս խնդիրը լուծել հաշված օրերի ընթացքում՝ զուտ պոպուլիստական ժանրից են, և դրա մասին տեղյակ են նույնիսկ այդ հայտարարությունները անողները: Կոռուպցիայի դեմ պայքարը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է:
Հայաստանում, վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում, ինչը տեսանելի է բոլորի համար: Բայց այո, կան բացեր, այդ թվում՝ օրենսդրական, որոնք օր առաջ պետք է լրացվեն: Այդ բացերը լրացնելու համար պետք է ընդլայնվի քաղաքացիական հասարակության դերը պայքարում: Հանրային վերասկողությունը, կառավարություն – հասարակություն հետադարձ կապը շատ կարևոր բաղադրիչներ են կոռուպցիայի դեմ պայքարում: Հետադարձ կապի միջոցով արդեն իսկ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, շատ խնդիրներ են բարձրաձայնվել: Ինչքան ակտիվ լինի հասարակությունը կոռուպցիոն պատմություններ բացահայտելու գործում, այդքան շուտ մենք կկարողանանք այդ երևույթի դեմն առնել: Գործադիրի համար կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային հարցերից է:
Երեկ, վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Առաջարկվել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ:
Փորձը դրական արդյունքներ է ցույց տվել, 2011-2014թ. ընկած հատվածում կենտրոններին է դիմել ավելի քան 17 հազար շահառու, իսկ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կազմել են երկու հազարից ավելի: Նմանատիպ կետրոնների կարիքն այսօր կա, դրանք կհեշտացնեն գործը և ինֆորմացիայի տրամադրման հարթակ կհանդիսանան համապատասխան գերատեսչությունների համար, որոնք ունեն համապատասխան գործիքակազմ՝ արագ հակազդման համար:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակվի էլ ավելի բարձր տեմպով, և այդ ժամանակ մենք կտեսնենք արդյունքը: