Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին

Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ այսօր նրան հրավիրելով Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնավորումն այն է, որ քանի որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որեւէ առաջարկ’ լուծելու ժողովրդի պահանջը, Սարգսյանը պետք է հրապարակ գա, ճանաչի ժողովրդի հաղթանակը եւ հրաժարական տա՝ համազգային տագնապը չխորացնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվետվության համար հրապարակ է հրավիրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Վարչապետից «Ժառանգության» առաջնորդը պահանջում է պատասխան տալ աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր եւ միջին, ընտանեկան բիզնեսները խեղդելու, բնությունը խեղելու համար: Իսկ Տարոն Մարգարյանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պետք է այլեւս չհավակնի քաղաքապետի աթոռին, քանի որ ընտրախախտումներ ապահովելով «հեգնել է ժողովրդի կամքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում