Մարտի 4-ը՝ Կիպրական խնդրի «թաղման» օր

Ստամբուլում Հունաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Անտոնիս Սամարասի եւ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախագահությամբ անցկացված Թուրքիա-Հունաստան երկրորդ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հավաքից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում թուրք վարչապետը լրագրողներին հայտարարել է, որ «ցանկանում են Կիպրոսի խնդիրը թաղել պատմության գիրկը»:

Էրդողանը վստահեցրել է, որ կողմերը որոշել են Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր հնարավոր տարակարծությունները լուծել երկխոսության միջոցով: Էրդողանն ասել է, որ որպես Կիպրոսի վերամիավորման հարցում երաշխավոր երկրներ, Թուրքիան եւ Հունաստանը պատրաստ են ի մի բերել խնդրի լուծմանն ուղղված անհրաժեշտ իրենց կամքը: «Մենք ցանկանում ենք Կիպրոսի խնդիրը թաղել պատմության գիրկը», -ասել է Էրդողանը:

Անտոնիս Սամարասն էլ նշելով, որ «հանդիպումն օգտակար եւ կառուցողական էր», հայտարարել է, որ կողմերը երկու երկրների միջեւ 25 համաձայնագիր են ստորագրել:

«Կիպրոսի խնդիրն արդեն 40 տարի է’ չի լուծվում: Արդեն ժամանակն է փոխելու գործընթացը: Խնդրի լուծումը կխթանի համագործակցությանն ու բարեկամությանը տարածաշրջանում», -ասել է Հունաստանի վարչապետը եւ հավելել, որ մարտի 4-ը թուրք-հունական հարաբերությունների համար «մեծ օր» է: Կիպրոսյան խնդիրը տարածաշրջանում իրոք ապակայունացնող գործոնն էր, սակայն , թե ինչու են հույները որոշել զիջումների գնալ այս հարցում դեռևս պարզ չի, քանի որ հույների կողմից անըդունելի է Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքական հանրապետության դե ֆակտո գոյությունը:

Թեպետ Արևմուտքը ամեն կերպ ջանքեր էր գործադրում լուծելու կիպրոսյան հարցը, սակայն իրականում այն «մահակ» է դարձրել Թուրքիայի գլխին’ Եվրամիություն մուտք գործելը դժվարացնելու համար: Թե ինչքանով է այս հանդիպումը կառուցողական եղել և ինչ կփոխի այն երկու հարևան երկրների վաղեմի լարված հարաբերություններում ցույց կտա միայն ժամանակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում