Կ.Նազարյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին

Մարտի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին:

Դիվանագետի օրը ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ’ դեսպանը խորհրդանշական համարեց իր’ որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, այդ քաղաքում գտնվելը, քանի որ Սան Ֆրանցիսկոյում է ստորագրվել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դեսպան Նազարյանն ընդծեց, որ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց միջազգային միջկառավարական այդ հեղինակավոր կազմակերպությանը եւ այսօր շարունակում է հետեւողականորեն մասնակցել ու իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության, ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության համընդհանուր գործին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնացրեց ցեղասպանության կանխարգելմանը միտված Հայաստանի ջանքերը, խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու սումգայիթյան ողբերգության հետեւանքների մասին ու այդ համատեքսում անդրադարձավ Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը:

Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանի Նախագահն ու կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությանն ու համախմբվածությանը’ կարեւորելով տարբեր երկրներում գործող հայկական եկեղեցիների, կազմակերպությունների, կառույցների, ԶԼՄ-ների, ինչպես նաեւ պարզապես մասնագետների ու անհատների դերակատարությունն այդ հարցում:

Դեսպան Նազարյանը խոսեց նաեւ վերջին տարիների ընթացքում Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության ու հայկական կառույցների եւ կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների ու քննարկումների մասին, որոնք առնչվում են կազմակերպության օրակարգում ներառված մշակութային, սոցիալական ու կայուն զարգացման հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում