Թուրքիան ապակայունացնող գործոն է Սիրիայում
Նմանատիպ
Թուրքիան Սիրիայում անցումային շրջանն արագացնելու համար նոր կառավարություն ձևավորելու առաջարկությամբ է հանդես եկել, որը թեև սկզբում Իրանն ու Ռուսաստանը լավ են ընդունել, սակայն հետագայում հրաժարվել են։
«Հուրրիյեթ»-ը ներկայացրել է Թուրքիայի ներկայացրած առաջարկի մանրամասները։
Ըստ այդմ՝ Սիրիայում ստեղծվելիք անցումային կառավարությունը Սիրիան հասցնելու էր մինչև ընտրություն։ Նախագահ Բաշար ալ-Ասադը որևէ տեղ չէր ունենալու այդ կառավարության կազմում։ Դրա փոխարեն ապահովվելու էր նրա և ընտանիքի անվտանգությունը, հետագա կյանքի համար դրամական միջոցներ են տրամադրվելու։
Ժամանակավոր կառավարությունը երկիրն անկողմնակալ ընտրության հասցնելու համար ունենալու էր վարչապետ, ներքին գործերի, արտաքին գործերի, արդարադատության, պաշտպանության և կապի նախարարներ։
Մյուս նախարարությունները բաժանվելու էին ընդդիմության և գործող ռեժիմի առաջադրած 5-ական թեկնածուների միջև ։
Այս առաջարկն արվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ընթացքում։ Անկարայի առաջարկած տարբերակին Մոսկվան և Թեհրանը չեն պատասխանել և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ևս տեղյակ չեն պահել։
Սակայն ի պատասխան Թուրքիայի վարած նման քաղաքականության Ասադը խստորեն քննադատել է այն երկրներին, որոնք շարունակ միջամտում են Սիրիայի ներքին գործերին: «Եթե ցանկանում եք անկեղծորեն օգնել Սիրիային և վերջ տալ մեր երկրում առկա բռնությանը, ապա միայն մեկ բան կա անելու. կարող եք գնալ Թուրքիա, Էրդողանի հետ նստել և պահանջել նրանից դադարեցնել Սիրիա ահաբեկիչների և զենքի ներմուծումը, ինչպես նաև ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը, խոսելով երկրում ահաբեկիչներին աջակցող պետությունների մասին, ընդգծել է, որ ահաբեկիչներին ամենաշատ զենք և նյութական աջակցություն ցուցաբերելու հարցում առաջատար դիրքերում են գտվում Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում