Սիրիահայ բժիշկն ընդգրկվել է ՀՀ ԱՆ կոլեգիայի կազմում

Սիրիայի հայտնի իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտատես ուշադրության կենտրոնում է պահում նրանց աշխատանքով ապահովման խնդիրները։ Դերենիկ Դումանյանը, ինչպես յարաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունեց սիրիահայ բժիշկներին։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, նախարարը լսեց իր հյուրերին, ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրին հուզող խնդիրներին։ Հրատապ լուծում պահանջող որոշ հարցեր հենց տեղում կարգավորվեցին։

Մեկ անգամ ևս ճշգրտվեցին նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները’ ովքեր դեռևս չեն ապահովվել աշխատանքով, նրանցից ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում