Լիտվական լրատվամիջոցները բուռն են արձագանքել Լիտվա-Արցախ պատգամավորական խմբի ստեղծմանը

Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի 26-ին Լիտվիայի Հանրապետության Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցել է Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ:

Լիտվական մամուլում բավականին մեծ արձագանք է ստացել երկրի խորհրդարանում Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման փաստը: Բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են դրան, ինչպես նաև մի քանի օր առաջ Սումգաիթյան ջարդերի 25 ամյակի կապակցությամբ Լիտվայի հայ համայնքի՝ Ադրբեջանի դեսպանատան առջև անցկացրած բողոքի ցույցին :Այս ամենը, բանականաբար, դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել Ադրբեջանում:

Բալթյան լուրերի ծառայությունը (BNS), որը Բալթյան պետություններում գործող ամենամեծ լրատվական ծառայությունն է, դիմել է այս նախաձեռնությամբ հանդես եկած և «Լիտվա և Հայաստան – հայացք ոչ հեռու անցյալին» ֆորումը կազմակերպած պատգամավորին: Դալիա Կուոդիտեն ասել է, որ ֆորումին իրենք հրավիրել էին նաև Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարին, քանի որ «Հայաստանի անկախության ճանապարհը սկսվել է Ղարաբաղի համար շարժումից»: Պատգամավորը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ խորհրդարանական բարեկամության խումբը ստեղծվել է «շփումների և հավանաբար որոշակի հարաբերություններ սկսելու, միգուցե մշակութային նախագծեր իրականացնելու» համար, իսկ խմբում նվազագույնը 10 խորհրդարանական է իր մասնակցությունը ունենալու:

Նույն լրատվամիջոցը գրել է նաև, որ շուրջ 100 հայեր բողոքի ցույց են անցկացրել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատան առաջ: Ցույցի մասնակցիները ունեցել են իրենց հետ հայկական ազգային դրոշներ, «Մենք երբեք չենք մոռանա Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում հայերի սպանությունները», «Լիտվացիները դա այն ժողովուրդը չի, որոնց դուք կկարողանաք գնել խավիարով և նավթով» և այլ գրություններով պաստառներ: Բողոքի ցույցին մասնակցողներից մեկը ասել է BNS-ին. «Լիտվացիները առաջինն էին, ովքեր Խորհրդային Միության ժամանակ սկսեցին ժողովրդավարական շարժումը, և այս գործողությունը ոչ միայն նպատակ ուներ հիշելու հայ զոհերին, այլ նաև նշելու, որ Լիտվան և Հայաստանը միասին են եղել 25 տարի առաջ և մենք ցանկանում ենք միասին լինել հիմա»:

Լիտվայում և Էստոնիայում ամենամեծ ժողովրդականություն վայելող DELFI համացանցային հանգույցը այս իրադարձությունների կապակցությամբ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ, ով նշել է, որ 25 տարի առաջ ղարաբաղյան շարժումը խաղաղ է սկսվել, սակայն «խաղաղ պահանջները ոչ ադեկվատ արձագանքի արժանացան խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Նախարարը նաև նշել է, որ 25 տարի անց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կայացած պետություն է հանդիսանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում