Տ.Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդ.Բարսեղյանի դատը հետաձգվել է

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայցի քննությունն՝ ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի, հետաձգվեց՝ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի առողջական խնդիրներ ունենալու պատճառով:

Aravot.am-ի հաղորդմամբ՝ դատավոր Ռուբեն Ափինյանը հայտնեց, որ դատը տեղափոխվում է ապրիլի 14-ին, ժամը’ 11:30: Այս գործով, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, առաջին անգամ նախնական քննությունը եղել է դեկտեմբերի 24-ին, այնուհետև հայցի քննությունը պետք է իրականանար հունվար 14-ին, սակայն Տիգրան Ուրիխանյանի երկրից բացակայելու պատճառով, այն հետաձգվում է մինչև մարտի 5-ը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում է՝ իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։

Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: Խոսքը վերջերս համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում