Վ.Խաչիկյանի դատավարությունը հետաձգվել է

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկած Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի հանրային պաշտպան Ռոբերտ Մանվելյանը չէր ներկայացել նիստին: Ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենք հրաժարվել են իրենց պաշտպանի ծառայություններից ու ցանկանում են հանրային նոր պաշտպան ներգրավել գործին, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն:

Panorama.am-ի տեղեկացմամբ՝ նիստը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց նիստը հետաձգել և դրանք անցկացնել ամեն շաբաթվա երեքշաբթի օրերին:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Ըստ նախաքննության նյութերի, առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Վ. Խաչիկյանը 2006թ. սկզբներին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Ա.Աբրահամյանին, տեղեկատվական և վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանին, Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանին և վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ.Գևորգյանին:

Խմբի’ վերոնշյալ անդամները Վ. Խաչիկյանի կազմակերպմամբ նախապես մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրավորված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում: Խումբը հափշտակել է իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի’ առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր’ 260.956.681 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ’ պարզվել է նաև, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի’ 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում