«Հարսնաքար»-ի գործով պաշտպանները առարկում են

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում hետազոտվեցին տուժողներ Վահե Ավետյանի, Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ փորձագետի եզրակացության, Վահե Ավետյանի ստացած վնասվածքները որակվել են որպես կյանքին վտանգ սպառնացող, տուժողներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի վնասվածքները միջին ծանրության, իսկ տուժողներ Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի մարմիններին ընդհանրապես վնասվածքներ չէին հայտնաբերվել:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ թեև փորձագետի եզրակացության մեջ նշվում է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների մասին, սակայն չի երևում, թե ինչ կարգի վնասվածքներ են հասցվել Վ Ավետյանին:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ Էդգար Նիկոյանն ու Արկադի Աղաջանյանը ծեծի են ենթարկվել, սակայն «մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

Նիստում հետազոտվեցին նաև ամբաստանյալների մուտքային և ելքային զանգերի հեռախոսային վերծանումների զննության արձանագրությունները,: Այդ կապակցությամբ պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, որ նշված ապացույցներով և վերծանումներով հաստատվում է ընդամենը, որ իր պաշտպանյալը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում է գտնվել, ինչը չի նշանակում, որ Գ.Մարգարյանը կատարել է ծանր հանցագործություն:

Նիստում առարկություն հնչեց նաև այն կապակցությամբ, որ թեև արձանագրություններում նշվում է որպես իրեղեն ապացույց տուժողներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի սպիտակ կարճաթև մայկաների գործին կցվելու մասին, սակայն գործում առկա են վերնաշապիկներ՝ «այստեղ էական տարբերություններ կան»:

Մարտի 13-ի դատական նիստում կշարունակվի գործի գրավոր նյութերի հետազոտումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում