Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը

59 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

2011թ. հունիսին քաղցկեղի հեռացման նպատակով Չավեսը վիրահատություն էր տարել: Դրանից հետո նա քիմիոթերապիայի կուրսեր էր անցել, որից հետո հայտարարել էր, որ հաղթել է քաղցկեղին: Սակայն մի քանի ամիս անց բժիշկները նոր ուռուցք էին հայտնաբերել, որը հեռացվել էր 2012թ. փետրվարին: Վիրահատությունը, ինչպես նաև ճառագայթային թերապիայի կուրսերը Կուբայում այդպես էլ արդյունք չէին տվել, և նա ենթարկվել էր երրորդ վիրահատությանը անցյալ տարվա դեկտեմբերին: Մի քանի օր առաջ նա տեղափոխվել էր հայրենիք, սակայն այդպես էլ չի կարողացել ոտքի կանգնել: 

Պետության ղեկավարի մահվան կապակցությամբ հանրապետությունում յոթնօրյա սուգ է հայտարարվել: Ըստ Խաուայի՝ Չավեսի հուղարկավորությանը կմասնակցեն ամբողջ Լատինական Ամերիկայից ժամանած հյուրեր: GlobalPost-ը հայտնում է, որ Վենեսուելայի ժողովրդին արդեն ցավակցություններ են հայտնել մի շարք երկիր ղեկավարներ Յամայկան եւ Արգենտինան՝ Բոլիվիան, Էկվադորը, Չիլին, Բրազիլիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը: Իշխանությունները Չավեսի պատվին եռօրյա սուգ են հայտարարել,այս մասին փոխանցում է «gazeta.ru»-ն:

Իր խոր ցավակցությունն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ Չավեսի մահից հետո երկրներին կհաջողվի կառուցողական հարաբերություններ ստեղծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում