Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության ոլորտում. Զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է օմբուդսմենի 2012թ.-ի զեկույցը՝ ոստիկանության ոլորտում արձանագրած թերությունների և ձեռքբերումների մասին.

Ոստիկանության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

· Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

· Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում’ փաստացի զրկվելով ազատությունից:

· Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:

· Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:

· ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:

· 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:

· Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

· Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:

· Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:

· Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:

Արձանագրված դրական զարգացումները

· Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը:

· 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:

· ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կա­նոն­նե­րի խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:

· Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով’ տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:

· Ձեռնարկվել են միջոցներ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:

· 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:

· Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում