Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան համերգով հանդես կգա Երևանում

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մարտի 19-ին կկայանա ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարայի գալա համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը կանցկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

«Ներկա ժամանակահատվածում դեռ հստակեցվում է երգչուհու Հայաստանում գտնվելու ծրագիրը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց համերգի բացառիկ հովանավոր Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը:

Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայուհի է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալլդայի դերը «Նոտերդամ Դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթան է հանդիսանում երգչուհու ստեղծագործական հետագա գործունեության համար: Նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի «Loin du froid de decembre» երգը:

1999 թվականին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը’ Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Նրա’ «Au nom d’une femme», «Il y a trop de gens qui t’aiment» երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ շքերթները: Youtube-ում 2011 թվականին տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում