Ոստիկանները Դիլիջանի հրապարակը փորձել են «մաքրե՞լ» մարդկանցից նախքան Ր.Հովհաննիսյանի գալը

Մարզային այցելությունները վերսկսած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մի քանի րոպեով Դիլիջանում «բարև» ասելուց առաջ, նախ հիշեց, որ մեղրամիսն անցկացրել է այս քաղաքում և «քանի մեղրամիսներ դեռ գալու են Ռուսաստանից, Ամերիկայից, մյուս տեղերից»։ Հովհաննիսյանը Դիլիջան գնալու ճանապարհին բացել է «Օրակարգ» թերթը, որի «ձախ անկյունում գրված խմբագրականի» հետ, որը վերնագրված է «Գնացքը գնաց, Րաֆֆի», համաձայն չէ: «Սա ես ընկալում եմ պաշտոնական տեսակետ, որը ես մերժում եմ, համաձայն չեմ: Կարող է Րաֆֆու, Արմենուհու, Զարուհու, Վարդանի, Սալբիի, Թաթուլի գնացքը գնա, բայց հայ ժողովրդի գնացքը երբեք չի գնալու»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ թերթի «աջ կողմի վրա» գրված է շատ ճիշտ բան: Որ հայ ժողովուրդը գնում է դեպի հաղթանակ, որ իշխանության պլանները խառնվել են:

Tert.am-ի հաղորդմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ այս օրերին տեղի ունեցող անուշադրության արժանի որևէ բան չկա և որ ամեն ինչ իր ուշադրության կենտրոնում է: «Արդեն հաղթական է մեր պայքարը, անկասելի, շատերի համար՝ անկանխատեսելի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը նկատելով, որ հեռու չէ այն օրը, երբ անուն առ անուն փոխվելու են՝ նախագահները, մարզպետները, գյուղապետերը, ազգային հերոսները, եթե օրենք են խախտել:

«Դուք ներկայացնում եք հազավոր բացականեր, արտագաղթի, թշվառության, գործի ու անգործության մեջ գտնվող: Ձեր ընտրության, ձեր խիզախության, ձեր դուխի , ողնաշարի պահանջով բոլորը գալու են հետ, վիճակը փոխվելու է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր խոսքն ավարտելով «Կեցցե Դիլիջանը» վանկարկմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց իր «բարևը» որպես՝ «Բարևի մեջ արև կա, Դիլիջան կա, ուժ կա, Տավուշ կա և մեր Հայաստանի Հանրապետությունը»:

Tert.am–ի հետ զրույցում մի շարք դիլիջանցիներ պատմեցին, որ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի գալը ոստիկանությունը նախապես հանդիպման համար նախատեսված հրապարակը ազատել էին տաքսիներից։ «Այս ղեկավարությունը շարունակում է վախ սփռել ժողովրդի մեջ, և մինչև մեր գալը փորձել են հավուր պատշաճի մաքրել տարածքը մարդկանցից»,– իր ելույթում ասաց նաև Ստյոպա Սաֆարյանը։

Դիլիջանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ կանգառն Իջևանն է։ Այսօր նա կլինի նաև Նոյեմբերյանում և Բերդում, իսկ վաղը կլինի Թալինում, Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Ապարանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում