ԵԽ նախագահը նույնպես շնորհավորել է Ս.Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, տեղեկացնում է նախագահի գրասենյակը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Նախագահ,
Որպես Եվրոպական խորհրդի նախագահ կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական Միությանը’ հնարավորություն տալով մեզ հասնելու Արևելյան գործընկերության շրջանակում քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակին: Ես ողջունում եմ նաև Ձեր ջանքերում հավելյալ առաջընթացը’ ուղղված բարելավելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը’ ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախանշած առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Տեղյակ եմ ձեր երկրի բարդ տարածաշրջանային իրավիճակից: Եվրոպական Միությունն ակտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ջանքերին և շարունակելու է այդպես վարվել: Կցանկանայի ևս մեկ անգամ քաջալերել Ձեզ, ինչպես քաջալերում եմ այլ առաջնորդներին, համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, եթե նույնիսկ դրանք ժամանակ առ ժամանակ դժվար կլինեն:
Վստահեցնում եմ Ձեզ մեր հարաբերություններն այսուհետ ևս խորացնելու իմ հանձնառությունը»։
Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլայ Տիմոֆտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում