Իրանը, ի պատասխան Թրամփի հրամանագրի, կդադարեցնի ամերիկացիներին այցագրեր տալը

Իրանը կդադարեցնի ամերիկացիներին մուտքի այցագրեր տալը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի, որով արգելվում Է յոթ երկրների, այդ թվում՝ Իրանի, ներկայացուցիչների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: 

«Դրան մեր պատասխանն այս է. մենք ամերիկացիներին Իրան այցելելու այցագրեր չենք տա»,-հայտարարել է Զարիֆը՝ հանդես գալով Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ հնարավոր են այդ կանոնից բացառություններ: «Եթե լինեն բացառություններ, ապա դրանք կքննարկվեն Իրանի ԱԳ նախարարության կողմից, դրանից հետո կընդունվի որոշում»,-հայտարարել է նախարարը:

Անցած շաբաթ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում