Պուտինը պարգևատրել է Ավետիք Իսահակյանին և Հովհաննես Թոքմաջյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է հայ և ռուս մտավորականների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, Ռուսաստանի հետ բարեկամության հաստատման և համագործակցության գործում ունեցած ավանդի, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի ամրապնդման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Պուշկինի մեդալով:

ՌԴ նախագահի կողմից ռուս-հայկական մշակութային և գիտական կապերի ու Հայաստանում ռուսերեն լեզվի պահպանման և տարածման համար շնորհակալագիր են ստացել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, «Հայաստանում բնակվող ռուսների աջակցության և համագործակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության անդամ Սվետլանա Գավրիշը և Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտորի օգնական Ջուլիետա Կուզինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում