Վարդան Սեդրակյանին ապօրինի են կալանավորել: Հայտարարություն

Վարդան Սեդրակյանի գործով զբաղվող Սիրունյան իրավաբանական գրասենյակը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում’ մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչեւ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում