Գյումրիում դպրոցի տնօրենը «շլանգով» ծեծե՞լ է աշակերտին

Գյումրիի ոստիկանության բաժին բողոք է ներկայացվել, որ Գյումրիի թիվ 12 ավագ դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանը աշակերտ Խաչատուր Ավդալյանին «շլանգով» հարվածել է դասից ուշանալու համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Բողոքի առկայությունը հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը, ով նշեց, որ ստացվել է նման հաղորդում, եւ կատարվում է հետաքննություն:

Տնօրեն Ս. Հովսեփյանը, սակայն «Ժամանակի» հետ զրույցում կտրականապես հերքեց տղային ծեծելու տեղեկությունը եւ նշեց, որ ինքը տղային չի հարվածել, պարզապես, երբ նա դասի չի եկել, հետո էլ միջանցքում տեսել են, մոտեցել եւ նկատողություն է արել։

Խաչատուր Ավդալյանի հայրը՝ Համլետ Ավդալյանը, մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը գնացել է ոստիկանություն եւ դիմում է գրել. «Մեր տղան չարաճճի երեխա է, անընդհատ այսպիսի պատմությունների մեջ է ընկնում, ես դպրոցի տնօրենին ասել եմ, որ ինքը մեր երեխայի երկրորդ հայրն է եւ իրավունք ունի նկատողություն անելու:

Նախ ասեմ՝ մանկական քննիչ է՝ ինչ է, այդ Անգին Աբրահամյանը, մի խոսքով՝ պարզապես գործ է ուզում սարքել տնօրենի գլխին: Իսկ պարոն Հովսեփյանն ուղղակի քանոնով «տուտուզին» տմբտմբացրել է, բա տնօրեն մարդ է, իրավունք չունի՞: Հիմա եկել մեզ ասում են՝ ցուցմունք գրեք, դիմում գրեք: Ինչի՞ համար գրեմ:

Էսօր էլ, թե՝ Ձեր երեխային պետք է դատաբժշկական հետազոտության տանենք, բայց ինչի՞ համար: Իմ երեխան բացարձակապես առողջ է, ես թույլ չեմ տա: Հա, ասեմ՝ մեզ էլ կանչել՝ ինչ-որ բաներ են գրել տվել»:

Մեր այն հարցին՝ եթե ոչ իրենցից, ապա էլ ուրիշ որտեղի՞ց պետք է ոստիկանությունում իմանային, որ նման միջադեպ է եղել, Համլետ Ավդալյանը պատասխանեց. «Այ, դա չեմ կարող ասել, թե ով է զանգում, տենց բաներ խաբար տալիս, մի ստից բանը դարձրել են եսիմ ինչ: Վաղն էլ կգան կասեն՝ տրուբայով է ծեծել: Նա շատ լավ տնօրեն է՝ ես վստահ եմ, որ նման բան չի եղել, դե, էրեխեն երեւի արդարանալու համար մի բան ասել է, էլի»»,- մեջբերում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում