Մարդու իրավունքների վիճակը Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում. Զեկույց 2012

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ներկայացնել անցյալ տարին ամփոփող զեկույցներ տարբեր գերատեսչությունների աշխատանքի առնչությամբ: Այսօր ներկայացնում ենք իրավիճակը Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում:

Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

Դատախազություն

· Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:

· Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:

· Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:

· Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար:

· Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:

· Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձեր­բա­կալ­ված­ների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաև կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ’ դատախազական ոչ բավարար վերահսկողության հետևանքով:

Հատուկ քննչական ծառայություն

· Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:

· Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները’ կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:

· Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես’ չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որևէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:

· Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:

Արձանագրված դրական զարգացումները

Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը’ ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:

Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:

Դատախազությունը և Ծառայությունը հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում