Հայաստանը Վատիկանի Սուրբ Աթոռում իր դեսպանատունը կունենա

Հայաստանը Վատիկանի Սուրբ Աթոռում իր դեսպանատունը կհիմնի: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծին:

Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգևոր, այլև՝ քաղաքական ազդեցությամբ։ Սուրբ Աթոռը հանդիսանում է մշտական դիտորդ ՄԱԿ-ում և ԵԽ-ում, ինչպես նաև անդամակցում է ԵԱՀԿ-ին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։ Սուրբ Աթոռում դեսպանության հիմնումը կարևորվում է նրանով, որ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր լիցք կստանան և կբարձրանան որակական նոր մակարդակի։

ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման համաձայն՝ դեսպանության հիմնումը առավել համակարգված և ուղղորդված կդարձնի երկկողմ աշխատանքները, ինչպես նաև կարող է նպաստել աշխարհում հայկական մշակութային աժեքների պահպանության գործում Սուրբ Աթոռի մասնակցության ակտիվացմանը։

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին։ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին ցուցաբերել է մարդասիրական օգնություն՝ նվիրաբերելով Հայաստանի Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը: Սուրբ Աթոռը 2000թ. նոյեմբերի 9-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ Վատիկանում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ։ Տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել։ Հայկական կողմից տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան այցելություններ Նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի մակարդակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում