Արցախում զբոսաշրջիկների համար առավել հետաքրքիր են Շուշին ու Տիգրանակերտը
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսաշրջությունը արագ զարգացող ճյուղ է և համարվում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ուղղություններից մեկը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետի տեղակալ Արտակ Գրիգորյանը նշեց, որ տարեցտարի նկատվում է զբոսաշրջիկների թվի ավելացում, իսկ 2012 թվականին նրանց թիվն ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով ավելի քան 15 հազար զբոսաշրջիկ։ «Լեռնային Ղարաբաղ են այցելում Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից և այլ պետություններից ժամանած տուրիստներ։ Ամռան ամիսներին յուրաքանչյուր օր Ստեփանակերտի հյուրանոցներում իջևանում են 800-900 հոգի, և դժվար է լինում անգամ ազատ համարներ գտնել»,- նշեց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների համար առավել հետաքրքիր են Շուշին ու Տիգրանակերտը։
Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանի խոսքով՝ Արցախն ունի բոլոր պայմանները զբոսաշրջիկներին գրավելու համար։ «Լեռնային Ղարաբաղն ունի հիասքանչ բնություն, այնտեղ կան հարյուրավոր հուշարձաններ և վանքեր, որ կարող են գրավել ցանկացած երկրի զբոսաշրջիկի, և վերջիվերջո, ղարաբաղյան հիասքանչ խոհանոցը։ Սրանք այն գլխավոր գործոններն են, որ անհրաժեշտ են տուրիզմի զարգացման համար, և որոնք եւ կան Արցախում»,- համոզված է Խաչատուրյանը։ Նա նաև նշեց, որ ԼՂՀ զբոսաշրջային կազմակերպություններն ակտիվ են տարբեր տուրիստական ցուցահանդեսների ժամանակ, իսկ վերջերս կայացած Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացել են մի քանի տաղավարներով։
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության զբոսաշրջության ակտիվացմանն ուղղված IDMC ծրագրի մասնակից Բրունո Կոռնեյլոն ևս դրական է գնահատել ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացումը։ Նրա կարծիքով՝ Արցախը ունի ներուժ՝ աշխարհին որպես ինքնուրույն միավոր ներկայանալու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում