ՀՀ-ի գերռազմականացման նպատակը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է
Նմանատիպ
Ալեն Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ETH Zurich Համալսարանի Անվտանգային հետազոտությունների կենտրոնի հեղինակած «Գլոբալ ռազմականացման ինդեքս 2016» տարեկան զեկույցում արդեն տարիներ շարունակ Հայաստանը ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում:
Նախորդ տարվա ցուցանիշներով նա աշխարհում երրորդ է, իսկ Եվրոպայում՝ առաջինը: Աշխարհում մեզանից առավել ռազմականացված են միայն Սինգապուրն ու Իսրայելը: Ադրբեջանն այս անգամ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը. ի դեպ նախորդ (2016) դասակարգմամբ ՀՀ-ն աշխարհում առաջինն էր, իսկ Ադրբեջանը՝ 5-ը:
Եթե մեթոդաբանորեն վերլուծենք «ռազմականացման» գործակիցը, ապա կտեսնենք, որ դասակարգման մեջ տվյալ պետության այս կամ այն տեղ գրավելը կապված է ռազմական բյուջեի, զինված ուժերի, զինտեխնիկայի, ազգաբնկաչության ու մի շարք այլ ցուցանիշների հարաբերակցության բնույթի հետ: Օրինակ՝ փոքր բնակչություն, սակայն ռազմական մեծ բյուջե ունեցող երկրները նման դասակարգման մեջ առավել բարձր հորիզոնականներ են զբաղեցնում:
Տրամաբանական է, որ ակտիվ ռազմական կոնֆլիկտի մեջ գտնվող ՀՀ/ԼՂՀ-ի դեպքում օրինաչափ է, որ նա պետք է ունենա ռազմականացման բարձր գործակից: Ավելին, եթե զեկույցի հեղինակները կարողանային իրական թվային հարաբերակցությամբ չափել նաև այն զինտեխնիկան, որն առկա է ՀՀ-ում ու ԼՂՀ-ում, մենք հավանաբար գալիք մի քանի տարին ևս առաջին հորիզոնականից չէինք իջնի: 🙂 Սա լավ, կամ վատ, հպարտանալու, կամ նեղսրտելու առիթ չէ: Սա առկա իրողություններով մեզ պարտադրված իրավիճակ է:
Մենք պատերազմ տեսած, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, պատերազմել չցանկացող երկիր ենք, ու զինվում ենք, որպեսզի ռազմական առումով կարողանանք հակակշռել, իսկ անհրաժեշտության դեպքում էլ՝ խաղաղություն պարտադրել հակառակորդին: Խաղաղություն պարտադրելու ռազմավարությունը ենթադրում է ոչ այնքան ռեակցիոն, որքան նաև նախահարձակ քայլեր, այդ թվում՝ հակառակորդի վերահսկողության տարածքում: Այսինքն, ըստ վերոնշյալի, ինչպես քանակական, այնպես էլ գործընթացային (հմտություններ, կառավարում, պրոֆեսիոնալիզմ) բաղադրիչներով մենք այն չափ ռազմական ներուժ պետք է ունենանք, որ ունակ լինենք ստիպել հակառակորդին հրաժարվել (այդ թվում տարածքային հնարավոր կորուստների վախից) սահմանային պրովոկացիաների կամ պատերազմական քայլերի գնալու մտքից:
Ապրիլյան ռազմական սրացումները, ինպես նաև կորուստներով ուղեկցվող նախորդ անհաջող դիվերսիաների փորձերը ցույց տվեցին, որ մեր 1 զինվորի դիմաց նրանց 7 զինվորի ոչնչացման մարտավարությունը ինչ-որ մի փուլից հետո դադարում է գործել: Ուստի պետք է մտածել, թե խելամտության շրջանակներում ի՞նչ հակաքայլ կամ միգուցե նախաքայլ է պետք անել, որպեսզի կարողանանք ստիպել հակառակորդին փոխել դիպուկահարների պատերազմի, դիվերսիոն ակտիվության նրա որդեգրած մոտեցումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում