Ալիևը ստացել է ԱՄՆ-ի թույլտվությունը՝ երրորդ անգամ պաշտոնավարելու
Նմանատիպ
Հոկտեմբերին նախագահական ընտրություններ կկայանան մեր հարևան Վրաստանում և Ադրբեջանում, ինչը քաղաքական հետաքրքիր զարգացումների առիթ կդառնա: Մինչ Վրաստանում փորձում են գտնել Սաակաշվիլիին փոխարինողներ, Ադրբեջանում արդեն շնորհավորական ուղերձներ են գալիս Ալիևին’ երրորդ անգամ անըդմեջ նախագահ դառնալու կապակցությամբ:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջանում նախագահի կայանալիք ընտրությունների մասին խոսելիս նշել է, որ մեծ ուշադրություն են դարձնում ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացմանը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին մարտի 6-ին տված հարցազրույցում Ռիչարդ Մորնինգսթարը անդրադարձել է 2013 թ-ի հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրութուններին եւ գործող նախագահ Իլհամ Ալիեւի հնարավոր մասնակցությանը: Նա նշել է, որ իշխող կուսակցության կողմից Իլհամ Ալիեւի առաջադրումը կամ չառաջադրումը կախված է այդ կուսակցությունից:
«Գլխավորն այն է, որ ով էլ դառնա նախագահ, կորոշի ադրբեջանական ժողովուրդը: Կարեւոր է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար»,- նշել է նա: Դեմոկրատիայի դրոշակակիր ԱՄՆ-ի աջակցությունը դիկտատորական ռեժիմի ղեկավար Ալիևին, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ինքն է կիրառում երկակի ստանդարտներ,երբ իրեն ձեռնատու է լինում:
Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը մեկնաբանությամբ գրում է. «Անկասկած, դա նշանակում է, որ Վաշինգտոնը չի խոչընդոտելու ներկայիս նախագահին առաջադրվել երրորդ անգամ: Անկասկած, տարբեր ժամանակներում եւ տարբեր երկրներում մենք հանդիպել ենք ամերիկյան վարչախմբի ներկայացուցիչների նման պետական եւ սուր հայտարարություններին, որոնք ընդգծում են այս կամ այն քաղաքական ուժի’ ժողովրդի կամքին հակառակ իշխանությունը հափշտակելու մտադրությունը: Ադրբեջանում, Վաշինգտոնի կարծիքով, գլխավորն Ալիեւի մասնակցությամբ ընտրություններում արդարությունն է: Եվ ընտրություններից հետո, իհարկե, կարելի է քննադատել առանձին խախտումներ’ հանուն էներգետիկայի, անվտանգության եւ մարդու իրավունքների շարունակելով ռազմավարական գործընկերությունը: Բայց թե ինչպես արդարություն ապահովել այսքան կոշտ ընտրական օրենսդրության պայմաններում, Մորնինգսթարը չի բացատրել…: Պետք էլ չէ: Իրենք կհասկանան’ 2013 թ-ի հոկտեմբերի 18-ին: Այնպես որ, Իլհամ Ալիեւն արդեն կարող է շնորհավորանքներ ընդունել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում