Նամակ վարչապետին. «Carrefour»–ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը

Հայ-ֆրանսիական Գործարարության Ակումբը նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ կապված ֆրանսիական հայտնի «Carrefour» հիպերմարկետների ցանցի Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Նամակում մասանվորապես ասված է.

« Հարգելի Պարոն Վարչապետ,

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաև Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին:

Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնել անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը:

2012թ-ի դեկտեմբեր ամսից մեր Ակումբի անդամ է նաև « Carrefour Armenia » ընկերությունը:

Վստահ ենք, որ «Carrefour»–ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության և հայ ժողովրդի:

Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում՝ կանխավ շնորհակալություն ենք հայտնում «Carrefour » ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում