ՀՀ ԱԳՆ. «Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Յագլանդը կայցելի Հայաստան»

ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է տվել լիտվացի իր գործընկեր Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մենք օգտագործեցինք հանդիպման հնարավորությունը, որպեսզի քննարկենք երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների լայն շրջանակ։ Վերջին երեք տարում միայն արտգործնախարարները վեց փոխայցելություններ են կատարել, բազմաթիվ այլ հանդիպումներ են տեղի ունեցել: Մենք պայմանավորվեցինք պահպանել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մեջ խորհրդակցությունների անցկացման ինտենսիվությունը:

Անդրադարձանք 2011 թ. Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի Հայաստան կատարած այցելության ժամանակ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Գոհունակություն հայտնեցինք, որ մենք բավական լավ համագործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Պայմանավորվեցինք ընդլայնել իրավապայմանագրային դաշտը երկու երկրների միջև, ակտիվացնել մշակութային փոխանակումները, քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ առկա հնարավորությունները: Բնականաբար անդրադարձանք մի շարք տարածաշրջանային հարցերի։ Իմ գործընկերոջը տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից համատեղ ձեռնարկվող ջանքերին», ասուլիսի սկզբում նշել է հայ պաշտոնյան, այնուհետ անցել հարցուպատասխանի:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ծրագրեր Եվրոպայի Խորհրդում նախագահելու հետ կապված’ պարոն նախարարը մասնավորապես ասել է.

«Այս ամսվա երկրորդ կեսին մենք սպասում ենք Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի պաշտոնական այցելությունը Հայաստան, որի ընթացքում կվերջնականացնենք Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը և առաջնայնությունները, որոնք կներկայացվեն մայիսի 16-ին Ստրասբուրգում, երբ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին: Նախագահության շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելությունը Ստրասբուրգ: Այդ շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների մակարդակով, Սահմանադրական դատարանների, արտգործնախարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը: Նախագահության շրջանակներում նաև մի քանի մշակութային միջոցառումներ են նախատեսված Ստրասբուրգում:

Նախատեսված է Եվրախորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետների մակարդակով համաժողով: Ամբողջական ծրագիրը ինչպես նշեցի կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում