Բ. Սահակյան. «Սիրելի կանայք, մենք խորապես շնորհակալ ենք ձեզ այն անմնացորդ նվիրվածության ու հոգատարության համար, որ դուք սփռում եք ձեր շուրջը ամեն օր»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա’ Մարտի 8-ի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Թանկագին կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի’ Կանանց միջազգային օրվա առթիվ, տոն, որը եւս մեկ առիթ է արտահայտելու մեր անհուն սերը եւ երախտագիտության ջերմ խոսքեր հղելու ձեզ’ մեր մայրերին ու տատիկներին, կանանց ու քույրերին, դուստրերին եւ բոլոր հայուհիներին’ Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում: Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ եւ երախտապարտ’ այն անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու ջերմության համար, որ դուք սփռում եք ձեր շուրջը ամեն օր ու ամեն ժամ:

Այս տոնական օրը մաղթում եմ քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին: Թող ուրախություն տիրի միշտ ձեր օջախներում, իսկ դուք շրջապատված լինեք անսահման ջերմությամբ, ուշադրությամբ ու հոգատարությամբ:

Վստահ եղեք’ ձեր խնդիրները միշտ գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ անպայման կարվի ամեն բան դրանք հնարավորինս լուծելու ուղղությամբ»:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում