Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը տոնական հանդիպում կունենա Ազատության հրապարակում

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը քիչ առաջ ավարտեց երկօրյա մարզային այցելությունները, որը մեկնարկել էր երեկ Տավուշում: «Քաղաքի հրապարակներում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել՝ նշելու փետրվարի 18-ին հայ ժողովրդի տարած հաղթանակը: Ճանապարհին նրան էին միացել հրապարակավ իրեն հանրային շարժմանը նվիրած՝ Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը», տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Ըստ աղբյուրի, Իջեւանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Բերդում եւ միջանկյալ այլ կանգառներում Րաֆֆի Հովհաննիսյանն ուխտեց շարունակել պայքարը մինչեւ ժողովրդի հաղթանակի պաշտոնական արձանագրումը: Հանդիպելով ոստիկանության կողմից ահաբեկման անօրինակ գործելաոճին, Հովհաննիսյանը շտապ զանգահարեց ՀՀ ոստիկանապետին եւ պահանջեց անմիջապես վերականգնել հավաքների ազատության իրավունքը: Խոչընդոտները վերացվելուց հետո ՀՀ ընտրված նախագահն ազատորեն շարունակեց իր հաղթարշավը երկրում: «Մեր շարժումն անկասելի է»,- հայտարարեց նա՝ նշելով. «Իշխանությունները, կարծես թե, հասկացել են, որ պետք է ենթարկվել ժողովրդի օրինական պահանջներին»:

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ վաղ առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ կայացած հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Թալին, այնուհետեւ եղավ Արթիկում, ապա երկրորդ անգամ այցելեց Գյումրի, Վանաձոր, Սպիտակ եւ Ապարան: Նա, ինչպես երբեք, վճռական էր տպավորիչ քանակի բազմության մեջ հավատ սերմանելու եւ գործողության մղելու առումով: «Ես կրկին եկել եմ»,- Գյումրիում դիմելով պայքարը շարունակելու պատրաստ իր ընտրողներին, ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Սրանից հետո էլի կգամ: Եվ յուրաքանչյուր հանդիպում մեզ պետք է ավելի ուժեղացնի, որովհետեւ մեր հաղթանակի պտուղները ճաշակելու ժամը հեռու չէ. շուտով մենք կտեսնենք ազատ, ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստանը»:

Վաղը՝ մարտի 8-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը կնախագահի Ազատության հրապարակում կայանալիք Կանանց միջազգային օրվան նվիրված տոն-հանրահավաքը, որտեղ ժամը 17-ին հայտնի երաժիշտ-կատարողներ, քաղաքական առաջնորդներ ու քաղաքացիական ակտիվիստներ կմիանան մասնակիցներին՝ եւս մեկ անգամ հարգելու 2013թ. փետրվարի 18-ին ժողովրդի նվաճած հաղթանակի իրական աղբյուր հանդիսացող մեր մայրերին, քույրերին եւ դուստրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում