Շիրակի մարզպետարանում կադրային ջարդ չի լինի

Շիրակի մարզպետարանում կադրային ջարդ չի լինի. երեկ հավաստիացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Կադրային քաղաքականության խնդիր չկա: Սովորաբար, ես կադրերի փոփոխություն չեմ կատարում, դա կորոշվի աշխատանքի ընթացքում: Սկիզբը զուտ աշխատանքային կլինի, նախ՝ կլինի աշխատողների հետ ծանոթություն, իսկ աշխատանքի գնահատականը կտրվի որոշ ժամանակ անց: Այսօր դրա ժամանակը չի, ծանոթ-բարեկամի խնդիր չկա: Ով աշխատում է՝ կշարունակի»,- ասաց Ֆ. Ցոլակյանը:

Նա նաեւ վստահեցրեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ խնդիր չունի: Ֆ. Ցոլակյանը չմեկնաբանեց, թե ինչու են ուժային կառույցի ներկայացուցիչներ նշանակվում Շիրակում՝ որպես մարզպետ, ընդամենը նշեց, որ միայն վերջին երկուսն են համընկել:

«Կուսակցական չեմ ու առաջարկի դեպքում չեմ էլ դառնա»,- հայտարարեց նորանշանակ մարզպետը»,- մեջբերում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում