Հանրապետականները դեմ են ԲՀԿ-ին կոալիցիայում ընդգրկելուն

ՀՀԿ-ում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ այս կամ այն կերպ քննարկվում է ԲՀԿ-ի պահվածքը: Ու թեեւ իշխանական կուսակցության ներսում դեռ կան մարդիկ, որոնք հակված են ԲՀԿ-ին տեսնել իշխանական կոալիցիայի կազմում, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի մեծ մասն այդպես չի կարծում:

«ԲՀԿ-ն երբեք մեզ չի օգնել, ավելին, նույնիսկ փետրվարի 18-ին շատերն աշխատել են Րաֆֆու օգտին, հետեւաբար իշխանության պտուղներից չպետք է օգտվեն: Թող դառնան ընդդիմություն». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի հիմնավորմամբ են իրենց տեսակետը մատուցում «հակաբհկականները»:

Այս առիթով զրուցեցինք ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը, ավանդույթի համաձայն, հերքեց. «Ո՛չ, նման քննարկումներ չկան, երկրորդն էլ՝ կոալիցիա կազմելը ինքնանպատակ չէ, եւ իմ կարծիքով՝ ոչ էլ նման առաջարկ ենք ստացել: Կոալիցիա կազմվում է, երբ որ առաջադրված ծրագրի հետ համամիտ են լինում, կոալիցիային մենք դեմ չենք, անկախ նրանից՝ դա ԲՀԿ-ն կլինի, թե ուրիշ մեկը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում