Ուգո Չավեսի աճյունը կզմռսեն

Օրերս կյանքից հեռացած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի դիակը պատրաստվում են զմռսել և դնել մայրաքաղաք Կարակասում գտնվող Հեղափոխության թանգարանում: «РИА Новости» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Վենեսուելայի ազգային ասամբլեան այսօր կընդունի Մադուրոյի երդումը՝ որպես երկրի նախագահի պաշտոնակատար:

Վենեսուելայի արտգործնախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Ուգո Չավեսի հուղարկավորությանը ներկա է գտնվելու 22 երկրի ղեկավար, իսկ օտար պատվիրակությունների ընդհանուր քանակը կազմելու է 54:

Վենեսուելայի շողովրդին իրենց կարեկցությունն ու ցավակցությունն են հայտնել ավելի քան 40 երկրի ղեկավարներ, 16 երկրներում սուգ է հայտարարված:

Չավեսի աճյունը դագաղում դրված է կանաչ հագուստով և սև փողկապով, գլխին՝ դեսանտայինի անփոփոխ կարմիր բերետն է: Դագաղը ծածկված է ապակե կափարիչով, որպեսզի մարդիկ վերջին անգամ հրաժեշտ տան իրենց սիրելի նախագահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում