Քարվաճառի շրջանին միջհամայնքային տրանսպորտ է անհրաժեշտ

Արդեն հինգերորդ ամիսն է` բնակվում եմ Արցախի ազատագրված Քարվաճառ քաղաքում: Քարվաճառում ապրելով’ գայթակղությունը մեծ է գոնե ամեն հանգստյան օր շրջակա գյուղերից մեկն այցելել: Ես ու ամուսինս այդպես էլ անում ենք: Գրեթե ամեն շաբաթ օր միասին այցելում ենք, ավելի ճիշտ, այցելում էինք շրջակա գյուղերից մեկը: Ինչու՞ անցյալ ժամանակով. քանի որ մոտակա բոլոր գյուղերը հիմնականում ոտքով այցելելուց հետո առավել հեռավոր գյուղերը ոտքով հասնել այլեւս հնարավոր չէ: Բանն այն է, որ Քարվաճառն արտաքին աշխարհին, մասնավորապես Ստեփանակերտին ու Վարդենիսին կապում են հասարակական տրանսպորտի երկու միջոց. երկուշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին առավոտյան 05:30 Քարվաճառից Ստեփանակերտ է գնում մի ավտոբուս եւ երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին առավոտյան ժամը 07:00 Քարվաճառից Վարդենիս է շարժվում ՈՒԱԶ մակնիշի մի ավտոմեքենա:

Հարեւան գյուղերի մի մասը կարելի է այցելել այս տրանսպորտային միջոցներով, բայց համաձայնեք, որ այդքան էլ հարմար չէ առավոտյան, ասենք, 05:45 հասնել կողքի գյուղ եւ որեւէ մեկին հյուր գնալ, առավել եւս’ հանդիպել հարցազրույցի համար:

Միջհամայնքային տրանսպորտի բացակայությունը շատ խոչընդոտներ է հարուցում ոչ միայն մեր նման շաբաթը մեկ մեր ցանկությամբ որեւէ գյուղ այցելողների, այլեւ հատկապես այն մարդկանց համար, ովքեր աշխատում են Քարվաճառում, բայց ապրում են, ասենք, Նոր Բրաջրում: Ի դեպ նշեմ, որ Քարվաճառի ու Նոր Բրաջրի միջեւ հեռավորությունը մոտ 12 կմ է:

Այդ դեպքում կա´մ պետք է հույսը դնել անցնող մեքենաների վարորդների բարեխղճությանը, կամ էլ պետք է ոտքով հասնել անհրաժեշտ վայր: Մենք, պատահել է, գյուղից գյուղ ենք գնացել երեք-չորս տարբեր մեքենաներով, մի անգամ’ զինվորական ՈՒՐԱԼ-ով, իսկ երբեմն էլ 15-17 կմ անցել ենք ուղղակի ոտքով:

Բարձրադիր Նոր Մանաշիդ եւ Ծար գյուղերով առհասարակ որեւէ հասարակական տրանսպորտ չի հասնում, նշածս երկու երթուղին էլ չեն անցնում այս գյուղերով: Եւ եթե այստեղ ապրող մարդը մեքենա չունի, տեսականորեն միշտ մնում է իր զույգ ոտքերի հաշվին: Ճիշտ է, գյուղացիները հիմնականում պայմանավորվում ու իրար հետ Քարվաճառ են հասնում, սակայն լինում են դեպքեր, երբ այդպես անել չի ստացվում կամ էլ պարզապես մարդը չի ցանկանում ոչ մեկին նեղություն տալ:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ամբողջ շրջանին սպասարկող օրական մեկ անգամ երթ իրականացնող տրանսպորտային միջոցն անհրաժեշտություն է բնակիչների հանգիստ տեղաշարժման, հետեւաբար’ շրջանի զարգացման համար:

Թամարա Գրիգորյան

Հ.Գ. Լուսանկարում պատկերված ուսուցչուհին շաբաթվա մեջ մի քանի օր ոտքով իրենց տնից` Նոր Վերինշեն գյուղից, ոտքով գնում է աշխատանքի Նոր Բրաջուր գյուղում: Գյուղերի միջեւ հեռավորությունը առնվազն 4 կմ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում