Վահրամ Մարտիրոսյանը թերահավատ է՝ կա՞ արմատական փոփոխությունների ներուժ

Գրող Վահրամ Մարտիրոսյանը դեռևս ՀՀ նախագահի ընտրություններից առաջ խոսելով ներքաղաքական միապաղաղ մթնոլորտի, կանխորոշված ընտրությունների մասին՝ լավատեսական դիտարկում էր կատարել՝ նշելով, որ «հրաշքներ» լինում են: Ըստ «168 ժամի»՝ նույն լավատեսությունը, սակայն, նա չունի հետընտրական զարգացումների այս համատեքստում:

«Ես նույնքան լավատես չեմ հետընտրական զարգացումների հարցում, բայց էն, ինչ տեղի ունեցավ՝ արդեն ձեռքբերում է: Մեր հասարակության շատ ստվար զանգված դիմադրեց ընտրակաշառքին, ահաբեկումներին, մերժեց վիճակը, երբ իշխող կուսակցությունը դարձել է իշխող դասակարգ: Մեր հասարակությունն ավելի առաջադեմ գտնվեց, քան քաղաքական ուժերը, որոնք ասում էին, թե ընտրությունները ֆարս են, պետք չէ գնալ քվեարկության, և ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկին չէին հավատում… Անելանելի դրություն շատ հազվադեպ է լինում, ինչպես, Աստված մի արասցե, 1937թ. ՍԱՀՄ-ում, ֆաշիստական Գերմանիայում, ԿԳԲ-ով, գեստապոյով, համակենտրոնացման ճամբարներով, մնացած դեպքերում պետք է պայքարել, պայքարը դարձնել կենսակերպ: Մարդիկ ձայն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց կա՞ ներուժը, որը կարող է բերել արմատական փոփոխությունների՝ դժվարանում եմ ասել»,- ասել է նա:

Վ. Մարտիրոսյանի կարծիքով՝ հասարակությունը պետք է իմանա՝ ապրիլի 9-ից՝ նախագահի երդմնակալությունից հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ է անելու Ր. Հովհաննիսյանը. «Պիտի ասի՝ կներեք, չստացվեց, ես գնամ տո՞ւն», թե՞ պետք է ասի՝ «մնանք հրապարակում՝ մինչև բավարարվեն էս-էս-էս պահանջները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում