Չեմ անի այնպիսի բան, որ ստիպված լինեմ ամաչել

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը՝ Տարոն Մարգարյանից հետո, զբաղեցնելու են, համապատասխանաբար, հայտնի շախմատիստ Սմբատ Լպուտյանը և Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: «Հրապարակը» զրուցեց վերջինի հետ:

– Պարոն Թոքմաջյան, ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում թողնելու եք բուհի ղեկավարի պաշտոնը և դառնալու եք ավագանու անդա՞մ: Թե՞ պարզապես Ձեր անունն ընդգրկել են ցուցակում, որ ձայն հավաքեն:

– Դա մի քիչ այլ աշխատանք է լինելու, մասնագիտական աշխատանք: Գործադիր մարմին չեմ անցնելու և հիմնականում զբաղվելու եմ Երևանի ճարտարապետական խնդիրներով: Այստեղ լիքը խնդիրներ են կուտակվել՝ կապված կանաչ տարածքների ավելացման, քաղաքաշինական զարգացումների հետ: Եվ կարծում եմ, որ քաղաքի կառավարման տեսակետից և՛ ես, և՛ համալսարանը գործ ունենք անելու, մանավանդ որ հիմնական խնդիրներից մեկը Երևանի բնականոն զարգացման խնդիրն է:

– Դուք բավական մեծ կառույց եք ղեկավարում, հնարավոր կլինի՞ համատեղել և լիարժեք իրականացնել աշխատանքը: Եվ, բացի դրանից, ինչպե՞ս եք քարոզչություն իրականացնելու, բուհը թողնելու եք, առժամանակ արձակո՞ւրդ գնաք:

– Հավանաբար արձակուրդ կվերցնեմ մի 10-20 օրով, չեմ կարող համատեղել, չեմ կարծում, որ դա շատ երկար գործընթաց է, մայիսի 5-ին արդեն ընտրությունները կլինեն:

– Նախորդ ընտրություններին նույնպես ավագանու ցուցակում մի շարք մտավորականներ, արվեստագետներ և հանրության կողմից բավական ընդունված մարդիկ ընդգրկվեցին, բայց դրանից մեծ փոփոխություններ չեղան: Չե՞ք կարծում, որ սա ձևական գործընթաց է, որովհետև այս մարդիկ չեն կարող չենթարկվել համայնքային իշխանություններին: Այս ամենը հաշվի առնելով, չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն ուզում է Ձեր անունն «օգտագործել» որպես լայն շրջանակների կողմից ընդունված մարդու և ձայներ բերել:

– Ես չեմ կարծում, որ իմ դեպքում նման խնդիր կա, ավելի շատ ուզում եմ այն փորձը, որ ես ունեմ և քաղաքական աշխատանքում, և կառավարման աշխատանքում, օգտագործվի ի բարօրություն մեր քաղաքի զարգացման: Ես կարծում եմ, որ ամեն դեաքում ինչ-որ չափով կարող եմ օգտակար լինել խնդիրների լուծմանը: Կապրենք՝ կտեսնենք: Ես ընդհանրապես խոստումներ տալուց շատ ժուժկալ եմ, որովհետև ավելի լավ է քիչ խոստումներ տաս, շատ անես, քան շատ խոսես՝ քիչ անես, ընթացքում կերևա, և կտեսնեք, թե ինչքանով կհաջողվի Երևանի խնդիրները լուծել:

– Որպես մասնագետ՝ Ձեր ոլորտում ինչպե՞ս եք գնահատում անցած հինգ տարիներին Երևանի քաղաքապետարանի աշխատանքները, առանց մասնագետ լինելու էլ երևում է, թե ինչպես է մայրաքաղաքը կորցրել իր դեմքը, ճարտարապետական անճաշակ լուծումներ, կանաչ տարածքների անխնա ոչնչացում: Հիմա ի՞նչ պիտի անեք՝ կոսմետիկ շտկումներ, թե ինչպես, դժվար է պատկերացնել:

– Երևան քաղաքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես բոլոր մեծ քաղաքներում, կարծում եմ, որ լուրջ մասնագիտական վերլուծությունների խնդիր կա: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կանաչ տարածքների ավելացմանը, եթե հիշում եք՝ 1986 թվականին, երբ եղավ Չեռնոբիլի աղետը, մասնավորապես Կիևը փրկվեց, որովհետև ամբողջ հարվածն իր վրա վերցրեց կանաչ զանգվածը և, ըստ էության, այդ աղետից փրկեց քաղաքը: Այնտեղ մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը մի քանի անգամ գերազանցում է միջազգային նորմերին, մեզ մոտ պակաս են և շատ:

– Հետաքրքիր զուգահեռներ անցկացրիք, մեզ մոտ աղետի դերը կատարում են իշխանությունները, և հիմա էլ քաղաքում պակասում է կանաչ զանգվածը:

– Միշտ էլ մեզ մոտ պակաս է եղել, նաև նախկինում է մեզ մոտ պակաս եղել: Քաղաքաշինության զարգացման ոլորտներում սա հատուկ տեղ պետք է գրավի: Միևնույն ժամանակ մենք ունենք ուրիշ պրոբլեմներ քաղաքաշինության տեսակետից, դա սեյսմիկ անվտանգության խնդիրն է, որովհետև ժամանակի ընթացքում նկուղների և լրացուցիչ շենքերի կենտրոնում ավելացումները բերել են բավական լուրջ դիսբալանսի, և լուծումներ պետք է գտնվեն: Սրանք մի քանի խնդիրներ էին, բայց բազում լուրջ խնդիրներ կան:

– Պարոն Թոքմաջյան, նորից քաղաքականություն մտնելուց առաջ, և այն էլ իշխանական ճամբար (մինչդեռ նախկինում ընդդիմադիր հայացքներ ունեիք), ծանրութեթև արե՞լ եք՝ ճի՞շտ կհասկանան Ձեզ և հետո չե՞ն վարկաբեկի Ձեր անունը, քանի որ Դուք երբեմն ստիպված եք լինելու կատարել ղեկավարության պահանջը:

– Այն թիմը, որի հետ ես աշխատում եմ, ես վաղուց եմ աշխատում, մարդիկ կան, որոնց հետ 1990-ականներից եմ աշխատում և ես վստահում եմ ինքս հանրապետության նախագահին և կարծում եմ, որ այսօր նրա կողքին իմ լինելը կարող է ինչ-որ չափով օգտակար լինել: Վարկանիշի առումով ես արել եմ այն գործը, որը հիմա էլ պիտի շարունակեմ անել: Չեմ կարծում, որ կանեմ այնպիսի բան, որ ստիպված կլինեմ ամաչել: Ես ամեն ինչ կանեմ այնպես, որ ինձ հետ շփվելուց զգան, որ իսկապես կա մտահոգություն և ցանկություն ինչ-որ առումով օգտակար լինելու: Եթե դա չստացվեց, ինձ համար շատ ցավալի կլինի, որովհետև բավական դժվար է այս տարիքում ակտիվ գործունեություն նորից ծավալել գիտական գործունեությանը զուգահեռ, բայց, ամեն դեպքում, ես լուրջ մտածելու եմ այն պատասխանատվության մասին, որ կրելու եմ այս ժողովրդի առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում