«Հումանիստ» Դավիթօղլուն սիրիական ապստամբների համար զենք է խնդրում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու նախարարների մակարդակով Եմենի բարեկամների 5-րդ հավաքին:

«Hurriyet»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում նա ելույթ է ունեցել London Schools of Economics համալսարանում «Փոփոխություն համաշխարհային քաղաքականության մեջ. գլոբալ եւ տարածաշրջանային հարթակում դժվարություններ» թեմայով գիտաժողովում, որտեղ խոսել է սիրիական իրադարձությունների մասին:

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին’ Դավութօղլուն դժգոհել է, որ «չնայած երկու տարի է անցել այդ ճգնաժամի մեկնարկից, ՄԱԿ-ն անհրաժեշտ հակազդեցություն չի արել»: Նա մասնավորապես ասել է, որ պետք է աջակցել սիրիական ապստամբներին և չպետք է թողնել, որ Ասադը «կոտորի» սեփական բնակչությանը: Արտգործնախարարի խոսքերով, ԵՄ պետք է հանի զենքի էմբարգոն, որով արգելվում է զենք մատակարել սիրիական ապստամբներին, քանի որ, եթե միայն Ասադը զենք ունի, ապա շատ հավանական է, որ նա միակողմանիորեն կկոտորի ասպտմաբներին և նրանք չեն կարողանա պատասխան հարված տալ:

«Սիրիայի հարցում Իրանի հետ տարբեր տեսակետներ ունենք: Իրանը լռության է մատնում Ասադի կողմից սեփական ժողովրդի կոտորածը: Հուսով ենք, որ Իրանը կհասկանա տարածաշրջանի նոր դինամիկները», -ասել է Դավութօղլուն եւ դժգոհել, որ «Սիրիայի հարցում միջազգային հանրությունը դանդաղ է գործում»: Պատասխանելով, այն հարցին, թե ինչ նմանություն է տեսնում 1992-1995թ. Բոսնիական պատերազմի հետ, նա ասել է, որ մարդկությւոնը չպետք է թույլ տա նույն սխալենրը:

Արտգործնախարարի կարծիքով, այն ժամանակ մարդիկ զենք էին խնդրում պաշտպանելու իրենց հողը նույն իրավիճակն է նաև հիմա: Շուրջ երեք տարի կանաչ լույս էր տրվել Միլոշևիչին, Մլադիչին ու Կարադզիցին’ սպանելու սեփական քաղաքացիներին:

Սակայն թուրք արտգործնախարարի այս դիրքորոշումը չափազանց միակողմանի է ներկայացնում իրադարձությունները: Արևմտյան քարոզչամեքենան կարողացել է միջազգային հանրության մոտ ստեղծել այն թյուր տեսակետը, որ Միլոշևիչը, Քադաֆին կամ Ասադը բռանպետեր են, որոնք չեն մտածում սեփական ժողովրդի մասին, սակայն այդ տեսակետը հիմնազուրկ է և հաճախ չի համապատասխանում իրականությանը: Այդ առաջնորդները, իրենց երկրների օրինական իշխանութուններն ես և պաշտպանում են իրենց ազգային-պետական շահը, որը չի համընկնում որոշ գերտերությունների շահերի հետ: Այդ ամենն էլ հանգեցնում է արաբական գարուն կամ նմանատիպ այլ բեմադրությունների,որոնք դեմոկրատիայի դրոշակի ներքո, միջամտում են այլ պետությունների ներքին գործերին և խաթարում այնտեղ բնականոն կյանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում