Բաղրամյան 26-ը՝ որպես քաղաքական կռապաշտության նոր օբյեկտ

Հայրենի ընդդիմադիրների գործունեությունը տարիներ շարունակ քաղաքական բաղկացուցչից զատ աչքի է ընկել նաև կրոնական կազմակերպություններին հատուկ առանձին տարրերի առկայությամբ։

Սոցիալական այս կամ այն խավի շահերը ներկայացնող քաղաքական գործիչների «պաշտամունքը» հաճախ աներևակայելի չափսերի է հասել։ Մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ այս առումով բոլորից հեռու են գնացել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնց քարոզչության արդյունքում 2008-2012 թթ. ընդդիմություն-իշխանություն քաղաքական հակամարտությունը վերածվել էր բարու ու չարի սակրալ պայքարի։

Քաղաքական գործունեության նման ոճը, բնականաբար, երբեք չի կարող արդյունավետ լինել։ Թերևս հենց սա է այն հիմնական պատճառը, որը ստիպել է ընդդիմության ներկայիս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հրաժարվել ընդդիմախոսներին վատաբանելու, վարկաբեկելու և որպես չարի մարմնավորում ներկայացնելու մարտավարությեւնից։ Ավելին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ անում է, որպեսզի իր կողմից ղեկավարվող ընդդիմադդիր շարժումը շարունակի մնալ քաղաքականության շրջանակներում։ Խնդիր, որը շարունակում է անհասկանալի մնալ նրա թիմակիցներից շատերի համար։ Եվ եթե Րաֆֆին հրապարակում արգելում է վանկարկել իր անունը, ապա ֆետիշներ և կուռքեր ստեղծելուն սովոր մարդիկ սկսում են կենտրոնանալ այլ երևույթների վրա։

Այսօր դա Բաղրամյան 26-ն է։ Նոր «ֆետիշ», որը ձգտում է դառնալ ընդդիմադիրների պայքարի ելակետն ու վերջնանպատակը։ Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ պայքարում են հենց այդ հասցեի և ոչ թե իշխանության դեմ։ Ու եթե հանկարծ վաղը նախագահի նստավայրի հասցեն փոխվի, ապա ընդդիմությունը կհայտնվի գաղափարական և տեխնիկական խոր ճգնաժամի մեջ։

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում