Ր. Հովհաննիսյանի մարզային հանդիպումները շարունակվում են. Վարդենիսում նա կոչ արեց մարզպետին հրաժարական տալ

Ինչպես եւ ավելի վաղ տեղեկացվել էր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպումներ է անցկացնում Գեղարքունիքի մարզում է: Առավոտյան ժամը 11:30-ից Հովհաննիսյանն իր աջակիցների հետ այցելել է Վարդենիս, այնուհետ ծրագրված են այցելություններ Մարտունի, Գավառ եւ Սեւան:

«Պարո՛ն Սարգսյան, Դուք վախեցուկ չեք, Դուք դա ցույց եք տվել Արցախյան պատերազմի ժամանակ, և հիմա ցո՛ւյց տվեք ժողովրդին, որ վախեցուկ չեք»: Վարդենիսյան բարբառային «վախեցուկ» ձեւն իր ելույթի ժամանակ օգտագործել է ՀՀ Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն:
Թեկնածուն թեեւ Վարդենիսում չէր հաղթել’ հավաքելով միայն 12 %, սակայն նրա կարծիքով Վարդենիսը եւս հաղթել է, պարզապես նրա քվեն գողացել են:

«Ես այսօր եկա նաև այստեղ, այլ ոչ միայն Գյումրի, որտեղ 70%-ով հաղթեցինք, եկա Վարդենիս, որտեղ գողացան քվեն, բայց դուք նամուսով, թասիբով անվախեցուկ գնացիք քվեարկության»,- ասաց նա եւ հավաքվածներին խորհուրդ տվեց հաշվի չառնել պաշտոնական տվյալները:

Իր ելույթի ժամանակ Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ արտագաղթի խնդրին, ինչը շատ հրատապ է Վարդենիս քաղաքում:
Ինչպես եւ այլ քաղաքներում հանդիպումների ժամանակ’ այստեղ եւ «Ժառանգության» առաջնորդը պահանջեց մարզպետի հրաժարականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում