Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվում է այսօրվանից

Հայաստանի բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը վերսկսվում է այսօրվանից: Այսօր, մարտի 9-ին, տեղի կունենան «Գանձասար»-«Իմպուլս», «Շիրակ»-«Փյունիկ» մրցավեճերը: Վաղը, մարտի 10-ին, կհանդիպեն «Ուլիսն» ու «Արարատը», իսկ «Միկան» կմրցի «Բանանցի» դեմ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն անցումային է, և թիմերը, չեմպիոնի համար պայքարը սկսելով անցյալ տարվա գարնանը, 6 խաղաշրջան անցկացնելով’ առաջնությունը կավարտեն այս տարվա մայիսին: Արդեն կայացել է 32 տուր, և պայքարի ավարտին մնացելը է ընդամենը 10-ը:

Ինչպես տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը, թիմն այս տարի մրցաշրջանը կսկսի «Բանանցի» հետ խաղով, որը հանդես կգա նոր մարզչի՝ ուկրաինացի Վլադիմիր Պյատենկոյի գլխավորությամբ: «Բանանցի» կազմում ընդգրկվել են 2 նոր ֆուտբոլիստներ՝ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Պավլո Գրիշչենկոն և հարձակվող Ռոման Դեբելկոն:

Անցյալ տարի այս թիմերը միմյանց հետ մրցել են 4 անգամ: Երեք հաղթանակ տարել է «Միկան», մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Ընդհանրապես’ թիմերը միմյանց հետ հանդիպել են 44 անգամ, որից 18-ում հաղթել է «Միկան», 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքում, 15 մրցավեճ ավարտվել է «Բանանցի» օգտին: Գնդակների տարբերությունը 58-54 է’ հօգուտ «Միկայի»: Սեփական հարկի տակ «Միկան» 22 հանդիպումից ուղիղ կեսում հաղթել է, 5 խաղ ավարտվել է ոչ-ոքիով և գրանցել է 6 պարտություն: Խփել է 33 գնդակ, բաց թողել 22-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում