Րաֆֆի Հովհաննիսյան. «Ոչ թե հացադուլ, այլ ստադուլ և կեղծիքադուլ»

Մեր ուժը մեր միասնության  մեջ է: Միասնական մենք շատ ավելի ուժեղ ենք, քան եթե մասնատված ենք տարբեր կուսակցությունների դրոշների ներքո: «Ազատութան» հրապարակում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ըննդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերի համաձայն փետրվարի 18-ին «մենք հայտարարեցինք աշխարհին և համայն հայությանը, որ այլևս չենք վախենում: Մենք ազատ ենք: Ազատությունը պատկանում է բոլորին, նրանց, ովքեր միանում են մեր ժողովրդին»: Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին գալ և կանգնել ժողովրդի կողքին: «Կուսակցական խաղ չխաղաք», – բացականչեց Հովհաննիսյանը և հավելեց, որ խոսքը ոչ թե կուսակցական շահերի, այլ ժողովրդի ապագայի մասին է:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիմանեց նաև նախագահ Սերժ Սարգսյանին՝ Լեոնիդ Ազգալդյանի «Սա Հայաստանն է և վերջ» արտահայտությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործելու համար: «Նա կուսակցութան շահի համար չասաց: Նա Հայաստանի, մեր ապագայի և երեխաների համար ասաց», – նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նկարիչ Հակոբ Հակոբյանի և մեր ժողովրդի այլ վաստակավոր գործիչների հիշատակը:

Ընդդիմության առաջնորդը նաև հայտարարեց, որ ինքն այլևս ոչինչ չունի ասելու նախագահ Սերժ Սարգսյանին: «Նա իմ առաջարկները բոլորը մերժեց և եթե ինքն այսուհետև ասելիք ունի, ապա ես պատրաստ եմ նրան լսել: Այստեղ՝ «Ազատության» հրապարակում», – հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Վերջինս նաև հայտարարեց, որ մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը պետք է ինքնաբացարկ տա: «Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա սբ. Աստվածաշնչի վրա: Եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով ժողովրդին հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ես մինչև ապրիլ 9-ը պիտի աղոթեմ նրանց համար: Ես այս տարի հավանաբար սբ. Զատկվա պատարագին չհասնեմ: Սիրելի ժողովուրդ, Վեհափառ, ինչպես ես եմ ձեզ համար աղոթում, դուք էլ իմ համար աղոթեք», – հրապարակից հայտարարեց Հովհաննիսյանը ևասաց, որ մինչ իմաստնության տոնը մնալու է հրապարակում: Հաց չի ուտելու: «Սա ոչ թե հացադուլ, այլ ստադուլ և կեղծիքադուլ», – հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում