Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին փաստարկը

«Ազատության» հրապարակը երեկ խիստ սակավամարդ էր։ Թերևս մարտի 10-ի հանրահավաքը հետընտրական շրջանում կազմակերպված հավաքներից ամենապասիվն էր։ Եվ սա պատահականություն չէր։ Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ակտիվ աջակցող քաղաքացիների թիվն օր օրի կրճատվում էր։ Անգամ հանրահավաքներում ելույթով հանդես եկող գործիչները սկսել էին չհաճախել «Ազատության» հրապարակ, ինչը չէր կարող չանհանգստացնել ընդդիմության նորաթուխ առաջնորդին։ Անհրաժեշտ էին այնպիսի կտրուկ քայլեր, որոնք դարձյալ սրություն կհաղորդեին նրա պայքարին։ Որպես այդպիսի մեթոդ ընտրությունը դարձյալ կանգ առավ հացադուլի վրա։

Նման փորձառություն Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ունեցել է։ 2011 թվականի մարտի 15-ին նա հացադուլ էր հայտարարել «Ազատության» հրապարակում։ «Ժառանգության» առաջնորդին հաջողվեց «վերանվաճել» մեր իրականության քաղաքական պայքարի այդ կարևոր ասպարեզը։ Սակայն այն ժամանակ այդ «հաղթանակի» պտուղները վայելեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ի նրա կողմնակիցները։

Այս անգամ ամեն ինչ այլ ընթացք կարող է ստանալ։ Րաֆֆի Հովհաննիսյանը հիանալի հասկանում է, որ քաղաքական դաշտը հետզհետե կենտրոնանում է մայիսին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների վրա։ Դատելով «Ազատության» հրապարակում երեկ հնչեցրաց նրա ելույթից՝ որևէ հույսեր, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը ռեալ աջակցություն կցուցաբերեն նրա պայքարին այլևս չկան։ Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի միմնիմում լուծելիք խնդիր է դառնում հասարակության դժգոհ հատվածի ձայները պահելը։ Եվ ոչինչ ավելին։ Եթե հաշվի առնենք ցույցերին մասնակցող քաղաքացիների թվի օրեցօր նվազումը, ապա պարզ կդառնա այդ հարցի ողջ լրջությունը Հովհաննիսյանի համար։ Ուստի հացադուլը այս պահի համար կարող է և լավ որոշում թվալ։ Համենայն դեպս, դա հնարավրություն կտա Հովհաննիսյանին ևս մեկ ամիս մնալ հրապարակում, որից հետո կսկսվի քաղաքպետի ընտրությունների քարոզչական փուլը։

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում