Մարդու իրավունքների վիճակը Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում. Զեկույց

Մարդու իրավունքների պաշտպանը 2012-ի իր հերթական զեկույցն է ներկայացրել՝ անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի ոլորտին:

Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

· Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ:

· Հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:

· 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների և/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը:

· Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցների սպառումը, որի հետևանքով կայացվել է չափազանց մեծ քանակի (շուրջ 5700) հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում:

· Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ:

· ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ:

· Արձանագրվել են հարկային և մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի և վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:

Արձանագրված դրական զարգացումները

· Հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումը և վճարումը, ներդրվել է պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ, ինչպես նաև բարելավվել է սուբյեկտների համար հարկման համակարգը:

· Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ’ հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների վերլուծություններն ու ուսումնասիրությունները ժամանակին ու պատշաճ կատարելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

· 2012 թվականին վերափոխվել են հարկային և մաքսային ծառայությունների վեբկայքերը, որոնց մշակման համար կիրառվել են նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում