ՍԴ-ն մերժել է Ա.Ղուկասյանի դիմումը

ՍԴ-ն մերժեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի միջնորդությունը՝ Հրայր Թովմասյանին որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ չհամարելու խնդրով,  հաղորդում է Panorama.am-ը:

Ա. Ղուկասյանը նաև միջնորդություն էր ներկայացրել Սերժ Սարգսյանին այս գործով որպես վկա ներգրավելու մասին: ՍԴ-ն այս միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:

Իսկ մինչ այդ Ա. Ղուկասյանը ՍԴ-ում տարակուսանք հայտնեց, թե ինչու է Սերժ Սագսյանին որպես երրորդ կողմ դատարանում ներկայացնում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, քանի որ վերջինս պետական պաշտոնյա է և ներկայացնում է պետությունը:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սերժ Սերգասյանի ստորագրությամբ ներկայացված լիազորագրում Թովմասյանը ներկայացված է որպես իրավաբան և այս խնդրի առնչությամբ Հրայր Թովմասյանին թույլ տվեց պարզաբանումներ ներկայացնել: Նախարարն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանին ներկայացնելու է որպես իրավաբան և նախարարի պաշտոնն այս ամենի հետ կապ չունի:

«Ես մինչև հինգշաբթի գտնվում եմ արձակուրդի մեջ»,-լրացրեց Թովմասյանը:

Քննարկումից հետո ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, ով գործով նշանակված է զեկուցող, խնդրեց հարցը քննարկել խորհրդակցական սենյակում: Նշենք, որ Հրայր Թովմասյանի հետ սույն գործով որպես երրոդ կողմ Սերժ Սարգսյանին ներկայացնում է նաև Դավիթ Հարությունյանը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրեաս Ղուկասյանը ՍԴ-ից պահանջում են կամ անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները կամ Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչել հաղթած թեկնածու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում