Նախագահական նստավայրից ստու՞մ են. Ր.Հովհաննիսյանը և Հ.Խուրշուդյանը հերքում են

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության Հրապարակում պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե նախագահականից իրեն հրավիրել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ ասելով, որ նման բան չկա, սուտ է և կեղծիք է։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ այսօր ժամը 17.00-ին Ազատության հրապարակում ասուլիս կտա եւ պարզաբանում կմտցնի, որոշակի հարցերի առնչությամբ։

Նույն թեմայի վերաբերյան «Առավոտ»-ի խնդրանքով «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է.

«Նախագահական նստավայրից ապատեղեկատվություն է տարածվել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյան կողմից իր աշխատակազմի ղեկավարի միջոցով արված առաջարկը, այլ ընդամենը պատասխանել է, որ պատրաստ է հանդիպել գործող նախագահի հետ Ազատության հրապարակում, ուր, ինչպես հայտնի է, նա երեկվանից հայտարարել է հացադուլ: Ավելին՝ մինչեւ երեկ ժամը 6.30-ը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր այդ քայլի մասին, նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Ս. Սարգսյանին՝ ցանկացած վայրում եւ լսել նրա կողմից արվելիք առաջարկները՝ ուղղված այս քաղաքական ճգնաժամին լուծումներ տալուն: Սակայն մինչեւ երեկ ժամը 6.30-ը որեւէ նման առաջարկ Ս. Սարգսյանի կողմից չի արվել: Այդ է պատճառը, որ հայտնի հանգամանքներից ելնելով՝ գտնվելով հացադուլի մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանը այդ առաջարկի կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու գործող նախագահին Ազատության հրապարակում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում