Հայաստանից ուղարկված օգնությունը կբաժանվի Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի ու Հալեպի բնակիչներին
Նմանատիպ
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում փետրվարի 14-ին վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին կտրամադրվեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և հագուստ:
Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա ժամանած ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներին Լաթաքիայում դիմավորել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի, ինչպես նաև Հալեպի առավել կարիքավոր ընտանիքներին:
Մարդասիրական օգնության տրամադրման ծրագիրը, որն իրականացվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ՌԴ կենտրոնի աջակցությամբ, կրելու է շարունակական բնույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում