Տիգրան Մուկուչյան. «Հիմա փաստ կա՞, թե՞ ոչ»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՍԴ նիստն ընդմիջումից հետո շարունակվում է ժամը 14:30-ից: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարցեր ներկայացնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանին` մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյոք ինքը կարո՞ղ է փաստեր ներկայացնել այն պնդման համար, ըստ որի զինված ուժերը 100 տոկոսով, մասսայաբար մասնակցել են ընտրություններին:

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը Կարեն Մեժլումյանը փաստի գոյության կամ չգոյության մասին հստակ պատասխան չտվեց, այլ ուղղակի հիշատակեց ՍԴ նախկինում ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն «եթե մոտ 100 տոկոս ընտրող կա, ուրեմն զինված ուժերն են այդտեղ քվեարկել»: Մուկուչյանը պատասխանով չբավարարվեց և պնդեց հարցը’ հիմա փաստ կա՞, թե՞ ոչ և խնդրեց գոնե մեկ տեղամաս նշել, որ զինված ուժերը 100 տոկոսով մասնակցել են քվեարկությանը:

«Ես այդ հարցին կանդրադառնամ հետո», -պատասխանեց փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Այնուհետև, ըստ աղբյուրի, ԿԸՀ նախագահն անդրադարձավ Մեժլումյանի այն հայտարարությանը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ չի կատարել ու հավելեց. «Կարո՞ղ եք նշել մի իրավանորմ, որի համաձայն ԿԸՀ-ն իրավունք ունի, իրավասու է վերահաշվարկ կատարել»:

«Կվկայակոչենք», -հնչեց Մեժլումյանի պատասխանը: Մուկուչյանը պնդեց հարցին պատասխանել այդ պահին, սակայն նիստը նախագահող Գագիկ Հարությունյանի միջամտությամբ պայմանավորվածություն եղավ այդ պահին պատասխանել այն հարցերն, որոնց պատասխանները կան ձեռքի տակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում