Էդ.Նալբանդյան. «Հայաստանը կարևորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը»

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

Ողջունելով հյուրին’ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը և վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վերա Մաշադոն նշեց, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ և իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում