Դեսպան Նազարյան. Ադրբեջանի կառավարության սարսափելի նախաձեռնությունը ծնում է քսենոֆոբիա եւ ատելություն

Խոջալուի դեպքերը շահարկելու եւ այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչոթյան մասին օրերս ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակով դիմեց կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Մարտի 8-ին տարածվեց ՀՀ դեսպանի այդ նամակը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, որում մասնավորապես նշվում է, որ «Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր հակահայկական քարոզչությունը, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ դրա շրջանակից դուրս»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հղում կատարելով «Ադրբեջանա-ամերիկյան դաշինք» կազմակերպության կողմից Նյու Յորք քաղաքի որոշ վայրերում փակցված «Խոջալուի ցեղասպանություն. Մարդկային ողբերգություն Ադրբեջանում. օգնիր ադրբեջանցիներին ու հայերին հասնելու խաղաղության» խորագրով կոմերցիոն գովազդային վահանակներին’ դեսպանը նշում է, որ «….քաղաքի, ուր գտնվում են ՄԱԿ-ի կենտրոնակայանն ու ամենամեծ թվով անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, hասարակական կյանքում այս անթույլատրելի միջամտությունից զատ, խորապես մտահոգիչ է փաստերի աղավաղումն ու էթնիկ նախապաշարմունք պարունակող այսպես կոչված «հասարակությանը տեղեկացնելու» այս քարոզարշավը, որն իրականացնում է Ադրբեջանի կառավարությունն իր PR գործակալի միջոցով: Այս սարսափելի նախաձեռնությունը, որը ֆինանսավորում է Ադրբեջանը, ծնում են քսենոֆոբիա եւ ատելություն ու վտանգում ազգերի ձգտումը հաստատելու հարատեւ խաղաղություն’ հիմնված ճշմարտության եւ արդարության վրա: Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992թ. Խոջալուի դեպքերի իսկությունը, որոնք համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների ու ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների’ ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից’ այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար»:

Դեսպան Նազարյանը հավելում է, որ’ «…դիմելով նման քայլերի’ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր հանցագործությունները, խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմականացնելու պատասխանատվությունից: Եվ եթե Ադրբեջանն իրապես ցանկանում է օգնել ադրբեջանցիներին ու հայերին հասնել խաղաղության եւ հակամարտության կարգավորման, «հասարակությանը տեղեկացնելու» այս անհիմն ու սադրիչ քարոզարշավի փոխարեն ջանքերն ու միջոցները պետք է ուղղի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցություններում կառուցողական մասնակցություն ունենալու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում