Այլ անձի փոխարեն քվերակելու համար քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախագահի ընտրությունների քվեարկության օրը Երևանի թիվ 06/16 ընտրատեղամասում Կարեն Նավասարդյանի անվան դիմաց ստորագրել է Նարեկ Մարտիրոսյանը:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ն. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ’ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:

2013թ. փետրվարի 18-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի’ Երևանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:

Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն էր տվել Կ. Նավասարդյանի հայրը, ով հայտնել էր, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել էր, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, և կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են Կ. Նավասարդյանի անվան դիմաց լրացված անձնագրային տվյալները: Ըստ նախաքննության տվյալների’ դրանք համապատասխանել են Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալներին, ով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է և ցուցմունք տվել, որ որպես ընտրող’ ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը: Նա պնդել է, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որևէ մեկին չի տվել և դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց: Միաժամանակ պարզվել է, որ ընտրացուցակում կատարված ստորագրությունը չի պատկանում Մ. Նավասարդյանին:

Հանձնարարություններ էին տրվել ոստիկանության ստորաբաժանմանը՝ ապահովել քրեական գործով քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:

Պարզվել է նաև, որ Նարեկ Մարտիրոսյանի և Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալները նույնն են, առկա է ընդամենը մեկ թվի տարբերություն /2-9/:

Հետևեք մեզ նաև Telegram-ում