ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեև ԼՂ հակամարտությունը չափազանց խճճված է, սակայն լուծման ճանապարհ գոյություն ունի»

ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռայիսին զրուցել է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հետ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավորումներին: Ըստ դեսպանի, ԼՂ հիմնախնդիրը միանգամայն հնարավոր է լուծել խաղաղ եղանակով: Ինչպես գրում է Panorama.am-ը հղում անելով իրանական աղբյուրին` դեսպանը, մատնանշելով անցնող տարում (Իրանում նոր տարին սկսվում է ս.թ. մարտի 21-ին) հայ-իրանական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես, նշել է. «Իրանն ու Հայաստանը վաղեմի և բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են բարիդրացիության և փոխադարձ հարգանքի վրա: Անցնող տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ: Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ղեկավարների կամքը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերում նրանց նման դիրքորոշումները կարևոր դեր են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»:

Իրանի դեսպանը խոսելով Իրանի և Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, ասել է, որ հայ-իրանական հարաբերությունների ապագան լուսավոր է եւ ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Առավել մանրամասնելով ԼՂ հակամարտության լուծման տարբերակները` իրանցի դիվանագետը նշել է.  «Թեև հակամարտությունը չափազանց խճճված է, սակայն լուծման ճանապարհ գոյություն ունի: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ էլ աջակցել է տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունների և հակամարտության խաղաղ լուծմանը: Իրանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ միջազգային նորմերի և օրենքների շրջանակներում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում