Ինչո՞ւ ընդդիմադիր ճակատը չհամախմբվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության ձեւաչափին’ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «ԲՀԿ առանցքի շուրջ ովքեր կցանկանան համախմբվել, մենք կարող ենք ընդունել»: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Մինչեւ այս պահը ընդդիմադիր հատվածի համախմբում այդպես էլ չգրանցվեց: Aravot.am-ը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց’ չհամախմբման պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն պահանջեց իր առանցքի շուրջ համախմբվե՞լ, թե՞ պատճառն այլ հարթությունում պետք է փնտրել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցի կապակցությամբ փոխանցեց հետեւյալը. «Այստեղ որեւէ կուսակցական անվանման կարիք չկա: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ սա որեւէ կուսակցության պայքար չէ, այլ ով ժողովրդի կողքին է, պիտի լինի Ազատության հրապարակում: Այսուհետ կուսակցական ամբիցիաները, իմ, ուրիշի շուրջ միանալը, բացարձակ տեղին չեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հարցին այսպես պատասխանեց. «Մենք այս օրերին մեր գործընկերների հետ քննարկումների ընթացքում բաց եւ անկեղծ ենք եղել, ներկայացրել մեր դիրքորոշումը: ԲՀԿ-ն կողմ է եղել լայն համախմբման եւ կոնսոլիդացիայի: Մենք բաց եւ անկեղծ քննարկումների ժամանակ մեր գործընկերներին ասել ենք’ որն է մեր մոտեցումը»: Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի ՞վախենում հավակնոտ ուժի տպավորություն թողնել, տիկին Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Այստեղ ամբիցիոզ լինելու խնդիր չկա, պարզապես ԲՀԿ-ն իրատես քաղաքական ուժ է»:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ խնդրի առնչությամբ փոխանցեց հետեւյալը. «Համախմբման պայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը փորձեն իրենց հավակնությունները զսպել եւ ճիշտ կոմպրոմիսային լուծումների գնալ: Մենք բանակցությունների ժամանակ հանդես ենք եկել այդ դիրքերից եւ որեւէ անառողջ հավակնություն չենք ցուցաբերել: Իսկ թե ինչու մինչեւ հիմա չունենք միասնական ճակատ’ գնահատականները թողնում եմ Ձեզ»: Պարոն Համբարձումյանը մի կողմից արձանագրեց այն փաստը, որ այսօրվա իրավիճակով ընդհանուր հայտարար ձեւավորված չէ, մյուս կողմից էլ կարծիք հայտնեց, որ չի կարելի վերջնականապես ասել, թե բանակցությունները ձախողված են: Այնուհետեւ հավելեց. «Կարծում եմ՝ դեռ փոքր հնարավորություն պահանջվում է համախմբման: Քանի դեռ բանակցությունները, որպես այդպիսին, ավարտված չեն հայտարարվել, փակագծեր կան, որ չէի ցանկանա բացել, քանի որ դրանք կարող են վնասել բանակցությունների հետագա հնարավորությունների ընթացքը: Երբ վերջնական հայտարարի գանք, այդ ժամանակ ավելի բաց կասենք այն մասին, թե ինչու չհաջողվեց»»,- մեջբերում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում